ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԸ» «ՅՈՒՂ Է ՎԱՌՈՒՄ»

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԸ» «ՅՈՒՂ Է ՎԱՌՈՒՄ»
02.03.2010 | 00:00

«ՀայՌուսգազարդին» մոտ կանգնած որոշ աղբյուրների փոխանցմամբ` հունվարին գազի սպառման ոլորտում 30 տոկոս հավելագրում է կատարվել։ «Նման պնդումներն անհիմն են»,- տեղեկությունը հերքեցին «ՀայՌուսգազարդում»։ Սպառողների իրավունքների պաշտպանության ՀԿ-ի նախագահ ԱԲԳԱՐ ԵՂՈՅԱՆԸ մեզ հետ հեռախոսազրույցում նկատեց, որ իրենք գրավոր բողոքներ չեն ստացել. «Եթե գրավոր բողոք ներկայացվի` հետամուտ կլինենք խնդրի մինչև վերջ ուսումնասիրմանը։ Սակայն, կրկնում եմ, գրավոր, ոչ թե բանավոր բողոքի դեպքում»։
Այն, որ հավելագրումները ճշտելու հարցը դարձել է գրեթե անհնարին ոչ միայն այս, այլև էլեկտրացանցի, կապի ոլորտներում, փաստ է։ Փաստ է նաև այն, որ, բացի կապից, մյուս ոլորտներում գների կտրուկ բարձրացում է արձանագրվում։ Ինչպես և ակնկալվում էր, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանեց գազի նոր սակագինը` սպառողի համար 132 դրամ (աճը` 36 դրամ յուրաքանչյուր խմ-ի դիմաց) և 243 դոլար` ձեռնարկությունների համար` աճը 35 դոլար, այս պահին գործող սակագների դիմաց։ Այն, որ գազի գնի բարձրացումն անխուսափելի երևույթ է, երբևէ չենք ժխտել, սակայն այս պահին էլ անգամ անհասկանալի է, թե ինչո՞ւ է «ՀայՌուսգազարդը» գազի մեկ խորանարդն արտադրողներին վաճառելու 243 դոլարով, երբ Հայաստանն այն ձեռք է բերում 180 դոլարով։ Չենք վիճարկել և չենք էլ վիճարկում, որ «ՀայՌուսգազարդը», որպես ընկերություն, պետք է հետապնդի իր բիզնես շահն ու եկամուտ ապահովի։ Սակայն ինչո՞ւ չի կարելի խորանարդի մեջ ունենալ, ասենք, 3-5 դոլար եկամուտ, չէ՞ որ դա ընդհանուրի մեջ ահռելի գումար է, ինչը կարող է ծածկել ընկերության կողմից իրականացվող ծախսերը և դեռ մի բան էլ ավելի։ «Ինչու»-ների պատասխանը փորձեցինք ճշտել սպառողների իրավունքների պաշտպանության ՀԿ-ի նախագահ Աբգար Եղոյանից. «Առաջին հերթին սակագինը որոշվում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած մեթոդաբանության համաձայն, և «ՀայՌուսգազարդի» արած ներդրումները նույնպես ներառված են սակագնի մեջ։ Կարծում եմ` ճիշտ կլինի վերանայել այդ մեթոդաբանությունն ու սակագնի մեջ հաշվեկշռել նաև ներդրումները։ Ընդհանրապես, կարծում եմ, պետք է որդեգրել հետևյալ սկզբունքը` գազի գինը սպառողների համար ավելի ցածր պետք է սահմանվի, քան իրավաբանական անձանց։ Սակայն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հղում կատարելով «Էներգետիկայի մասին» օրենքին, նշում է, որ խտրականություն, այսինքն` տարբերակված մոտեցում չի թույլատրվում։ Սրանից ելնելով` պետությունը չի կարող սուբսիդավորել սպառողների որոշ անապահով խավերի։ Օրենքի նշված պահանջը լուրջ դժվարություններ է ստեղծում, և մենք հանդես ենք գալու օրենքի այդ պահանջը փոխելու նախաձեռնությամբ»։
Մինչ ՀԿ-ները հանդես կգան նման պահանջով, հայերս ազգովի «պարտական» պիտի լինենք «ՀայՌուսգազարդին»։ «Վա՞տ ենք արել, որ գազիֆիկացրել ենք երկիրը, վա՞տ է, որ գազը հուսալի վառելիք է բոլորի համար, վա՞տ է, որ գազալցակայանները հնարավորություն են ընձեռել մարդկանց ավտոմեքենաները լիցքավորելու ոչ թե թանկ բենզինով, այլ էժան գազով»,- անցած շաբաթ լրագրողներին հարցախեղդ արեց «ՀայՌուսգազարդի» ղեկավար Կարեն Կարապետյանը։ Այլ կերպ ասած, բանախոսը հմտորեն խնդիրը տեղափոխեց «с больной головы на здоровую՚»։ Այն, որ գազի սակագինը գրեթե նույնությամբ հաստատվելու էր, նորություն չէր, և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի` նիստին նախորդած ելույթները գալիս էին դա հաստատելու։ Ավելին, Ռոբերտ Նազարյանը, անհանգստանալով «ՀայՌուսգազարդի» անցած տարվա վնասների համար, սրտաճմլիկ խոստովանություն էր արել. «Համոզված ենք, որ բնական գազը կշարունակի մնալ ամենաէժան և հարմար էներգակիրը։ Բացի այդ, մենք ունենք տաք ձմեռ։ Օրինակ, ես անցյալ տարվա համեմատությամբ մոտ 20 տոկոսով ավելի քիչ գազի ծախս եմ ունեցել, այն էլ` հին, սովետական կաթսայի դեպքում»։ Նշվածից ելնելով` ազգը պետք է լրջորեն մտածի և ընտրություն անի` կա՛մ համահայկական հանգանակությամբ արդիական կաթսա ձեռք բերի Ռոբերտ Նազարյանի համար, կա՛մ էլ դեն շպրտի իր «բուրժուական» կաթսաները` հետևելով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի օրինակին` գերածախս չունենալու համար։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1830

Մեկնաբանություններ